Լեհաստանի Սեյմի Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում նախօրեին տեղի ունեցավ քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լեհաստանի Սեյմի Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միրոն Սիչը: Վերջինս, անդրադառնալով դեռեւս 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին, միաժամանակ նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում չափազանց կարեւոր է Լեհաստանի Սեյմի պատգամավորների իրազեկումը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այնուհետեւ «Հայերի ցեղասպանությունը 1915-1916թթ. (Մեծ Եղեռն) եւ դրա նշանակությունը հայ ժողովրդի համար» թեմայով ծավալուն ելույթով հանդես եկավ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Լեհ Նիյակովսկին, ով մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության նախապատմությունը` դրա պատմական եւ գիտական հիմնավորումներով եւ հետեւանքներով:

Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց Լեհաստանի Սեյմին` դեռեւս 10 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովին` նման քննարկում կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը` այն համարելով համամարդկային խնդիր` հետագա ցեղասպանությունների եւ նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համատեքստում:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Լեհաստանի կառավարության եւ Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, բանաստեղծ Բոգդան Կասպարովիչը, Կրակովի հայկական ընկերակցության նախագահ Մաչեյ Յանեկը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼԵհաստանի Սեյմի Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներ Դանուտա Պետաշեւսկան եւ Եվգենյուշ Չեկվինը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ: