Ֆրանսիան ձգտում է նրան, որ աշխարհում բարձրագույն կրթությունը դառնա ազգային եւ պետական առաջնայնություն։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Ֆրանսիայի վարչապետին կից կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը։
«Բոլոնյան գործընթացի հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է։ Դրա շնորհիվ դրված նպատակները իրականացվել են։ Այսինքն՝ եռաստիճան կրթական համակարգը համադրելի է։ Մենք ներմուծեցինք կրեդիտային համակարգ, բարելավեցինք կրթական համակարգը, եւ այդ բոլոր գործընթացներում Բոլոնիան ուներ իր դերն ու նշանակությունը։ Այսօր արդեն 48 երկիր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս են կազմում։ Բարի՛ գալուստ, Բելառու՛ս։ 5000 ԲՈՒՀ, որտեղ սովորում է մոտ միլիոն ուսանող։ Եվ մենք մոլորակի վրա ավելի առաջ ենք գնացել, քան ԱՄՆ-ը։ Ֆրանսիայի համար Եվրոպական տարածքը դիպլոմների եւ մոտեցումների բարեփոխման խթան էր։ Ես հպարտ եմ հայտարարել, որ Ֆրանսիան կընդունի Եվրոպական կրթական տարածքի հաջորդ նախարարական կոնֆերանսը։ Բոլոնյան գործընթացը հասնում է չափահասության, եւ մենք Եվրոպայում աշխատում ենք կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ։ Այսօր այս գործընթացը պետք է 2-րդ շնչառությունը ստանա։ Եվ երբ մենք Փարիզում հանդիպենք, պետք է նոր հավակնոտ նպատակներ դնենք։ Ֆրանսիան ցանկանում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում կոնկրետ միջոցառումներ եւ գործողություններ առաջարկվեն, որոնք կբերեն նրան, որ գիտությունն ու կրթությունը կգործեն միասին»,- ասաց Մանդոնը, որը իր ելույթը եզրափակեց հայերեն արտահայտությամբ՝ ասելով . «Բարի գալուստ Ֆրանսիա»։





























