ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  այսօր՝ մայիսի 15-ին, այցելեց Կառավարության մոտ արդեն մեկ օր նստացույց անող նաիրիտցիներին, որտեղից հեռախոսակապ հաստատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ՝ ցանկանալով պարզել, թե երբ գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կմարվի:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երվանդ Զախարյանը Փաշինյանին վստահեցրել է, որ պարտքը կմարվի «Նաիրիտ» գործարանի գույքի վաճառքից անմիջապես հետո, եւ որ գույքի վաճառքը չի խանգարի գործարանի վերագործարկմանը: 

Լսելով Փաշինյանի պատասխանը՝ նաիրիտցիները զայրացած գոռացին. «Սուտ է, ամեն անգամ նույն բանն է ասում»։ Փաշինյանը փորձեց հանդարտեցնել նրանց. «Սուտ չի ասում, հեռախոսով ինձ անձամբ խոստացավ, որ ձեր պարտքը կմարի գույքի վաճառքից հետո, եւ ես անձամբ հավատում եմ դրան»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երվանդ Զախարյանը իր հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ երկուշաբթի «Նաիրիտ» գործարանի գույքի վաճառքի մասին հայտարարություն են անելու:

Նաիրիտցիները Փաշինյանին խնդրել են նաեւ միջնորդել, որ բուհերում սովորող իրենց երեխաների ուսման վարձերի վճարումը գոնե մինչեւ ամսվա վերջ հետաձգվի, իսկ Փաշինյանը խոստացել է այդ մասին տեղեկացնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Նշենք, որ երեկվանից կառավարության առջեւ նստած նաիրիտցիներին կառավարությունից ոչ ոք այդպես էլ չի մոտեցել։ Անցած գիշեր, չնայած անձրեւին, նաիրիտցիները չեն հեռացել։ Նստացույցը կշարունակվի մինչեւ այսօր երեկոյան ժամը 20։00-ն, թեեւ նախապես նրանք հայտարարել էին, որ ակցիան կավարտեն շաբաթ երեկոյան։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: