Հայաստանը ամրագրել է իր տեղը Եվրոպայի բարձրագույն կրթության քարտեզի վրա։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը եվրոպական քաղաքակիրթ տարածքի մասն է կազմում։
Ինչպես նշել է Լատվիայի կրթության նախարար Մերիտե Սեյլեն, այսօր Բոլոնյան գործընթացում կարեւոր քայլ է գրանցվել։ «Իմ կողմից ուզում եմ հավելել, որ նախարարական գագաթնաժողովի ընթացքում պարզ ուղերձ է հնչել այն մասին, որ Բոլոնյան գործընթացը վերաբերում է նաեւ արժեքներին»,- նշեց լատվիացի նախարարը։
Եվրոպայի խորհրդի՝ բարձրագույն կրթության հարցերով դեպարտամենտի ղեկավար Սյուր Բերգանի խոսքով՝ Երեւանում նախարարական կոնֆերանսը աշխատանքային ծրագրի գագաթնակետն էր։ «Կոնֆերանսը ցույց տվեց, որ եվրոպական բարձրագույն կրթական տարածքը հիմնված է 48 երկրների համագործակցության վրա։ Բարձրագույն կրթության նպատակն է ապահովել զբաղվածություն եւ ժողովրդավարական մշակույթ, որպեսզի գոյություն ունենան ժողովրդավարական ինստիտուտներ, գործեն ժողովրդավարական օրենքներ»,- եզրափակեց Սյուր Բերգանը։




























