Կառավարության մոտ իրենց աշխատավարձերի պարտքի մարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով նստացույց անող նաիրիտցիները ակցիան ավարտեցին նախապես հայտարարած ժամկետից շուտ՝ այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 18-ի մոտ։
NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ կառավարության մոտ գիշերելն անիմաստ է, քանի որ իրենց, միեւնույնն է, ուշադրություն չեն դարձնում, իսկ իրենց հետագա քայլերը կորոշեն աշխատանքային հանձնաժողովի քննարկումից հետո:
«Որոշեցինք այսօր ավարտել նստացույցը, որովհետեւ, կարծում ենք, որ իմաստ չկա գիշերել այստեղ եւ առավոտյան շուտ հեռանալ»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նաիրիտցիները երեքշաբթի կրկին կհավաքվեն նախագահական նստավայրի մոտ՝ փորձելով հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:
Նշենք, որ երեկվանից կառավարության առջեւ նստած նաիրիտցիներին կառավարությունից ոչ ոք այդպես էլ չի մոտեցել։ Անցած գիշեր, չնայած անձրեւին, նաիրիտցիները չեն հեռացել։ Նախապես նրանք հայտարարել էին, որ ակցիան կավարտեն շաբաթ առավոտյան:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:



























