«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը կվերսկսվի մայիսի վերջին: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Աննա Մկրտչյանը:

«Մենք համաձայնագիր ենք ստորագրել «Արցախբանկի» հետ, որ իրենք պայմանգիր կնքեն շինարարական կազմակերպության հետ՝ աշխատանքները վեևսկսելու մասին: Սակայն մեզ ասացին, որ բնակիչների դատարան դիմելու արդյունքում շենքի վրա արգելանք է դրվել եւ մինչեւ հիմա չի հանվել: Շենքի շինարարությունը կսկսվի միայն արգելանքը հանելուց հետո»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը հույս հայտնեց, որ նշված ժամկետն այլեւս չի փոփոխվի եւ շենքի շինարարությունը կվերսկսվի:

«Շենքի շինարարությունը սկսելուն պես մենք նախնական պայմանագիր կկնքենք, իսկ դրանից հետո, երբ շենքը 80-90 տոկոսով պատրաստ կլինի, վերջնական պայմանագիր կկնքենք եւ կվճարենք պարտքի մնացած գումարները»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: