Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին հանդիպում ունեցավ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, առեւտրատնտեսական փոխանակումների աշխուժացում, կրթության, էներգետիկայի, բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Սլովակիայի նախարարները ստորագրեցին երկու երկրների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։