Կոտայքի մարզի Գողթ համայնքում արդեն մեկ տարի գործող «Արմյանսկիյ  Ուրաժայ» ՍՊԸ-ում հոլանդական երկու տեսակի վարունգ է աճեցվում, որի միայն 5 տոկոսն է սպառվում հայաստանյան շուկայում: Ինչպես այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արա Ղարիբյանը, վարունգի մեծ մասն արտահանվում է Վրաստան եւ ՌԴ: (ֆոտոռեպորտաժ)

«Մենք կենտրոնանում ենք արտահանման ուղղությամբ: Մենք մրցակից չենք հողի վարունգի արտադրությանը, քանի որ մեր դեպքում ինքնարժեքը բարձր է ստացվում, մեծ քանակությամբ գազ ենք օգտագործում: Իսկ դրսի շուկայում մրցունակ ենք բավականին բարձր գներով»,- ասաց տնօրենը:

10.5 հա ընդհանուր մակերեսով ջերմատներում բացի հոլանդական երկու հիմնական տեսակի վարունգներից նաեւ փորձարկվող տեսակներ կան՝ այդ թվում՝ հայկական նազրվան տեսակի վարունգը: Նազրվան տեսակի վարունգի փորձարկումը, սակայն, դեռ անհաջող է, քանի որ ջերմատան տեխնոլոգիաներով այն աճեցնել չի հաջողվել:

Ջերմատունը պատրաստված է եվրոպական նորագույն սարքավորումներով: Հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարը տարվում է կենսաբանական եղանակով: Այն ունի 300 աշխատակից, որոնք հիմնականում Գողթ գյուղից են:

 Վարունգի սերմերը ներկրում են, ցանում հատուկ սածիլանոցում, այնուհետեւ որոշ ժամանակ անց այն տեղափոխում ջերմատներ: Վարունգն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով՝ կոկոսի աղացած խտանյութի մեջ, որտեղ էլ տարածվում են նրա արմատները, իսկ սննդատարրերը ներմուծվում են դրանում կաթիլային եղանակով: