Մշակույթի նախարարության ձեռքբերումներից է Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ դա այս պահին մեր պատմական միջավայրի պահպանման ծրագրերից կարեւորագույնն է:
«Այս առումով հաջողություները պետք է կապել պետական քաղաքականության հետ, քանի որ վարչապետի հանձնարարականով մենք հիմա մշակում ենք հնագիտության զարգացման ծրագիրը, որը համարվելու է գերակա առաջիկա տարիներին»,-ասաց նա:
Նախարարը նաեւ նշեց, որ իրենք երկարատեւ ծրագիր են սկսում ԱՄՆ Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համատեղ:
Դաշտադեմի ամրոցի սկզբնական մասը կառուցվել է 5-7-րդ դարերում Կամսարականների կողմից։ Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում, բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։




























