Վրաստանի կառավարությունը պլանավորում է մոդերնիզացնել հայկական դեպի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի տանող ճանապարհները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Զարգացման ասիական բանկի տնօրեն Դեւիդ Դոուլը։

Նշենք, որ սահմանային Բավրա անցակետից Բաթում տանող ճանապարհը մեծ ջանքեր է պահանջում, եթե հաշվի ենք առնում Սամցխե Ջավախեթիի  (Ջավախք) լեռնային ռելիեֆը։

«Ես մշտական կապ եմ պահպանում Վրաստանի իմ գործընկերների հետ։ Նրանք ինձ հաղորդում են, որ Վրաստանի կառավարությունը որոշակի պլաններ ունի ճանապարհի որոշակի հատվածների հետ կապված»,- հայտարարեց Դոուլը։

Բացի այդ, ADB-ն պլանավորում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների հետազոտություններ անցկացնել՝ նպատակ ունենալով պարզել, թե ողջ տարածաշրջանի հաղորդակցության բարելավման համար որ ճանապարհները կարող են արդիականացման կարիք ունենալ։

«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):