Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ասորի պատգամավոր Էրոլ Դորան այցելել է քանդման տակ գտնվող հայկական «Քամփ Արմեն» որբանոց։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, HDP-ի պատգամավոր Էրոլ Դորան «Քամփ Արմեն» այցի ժամանակ հանդիպել է հայկական «Նոր Զարթոնք» շարժման ակտիվիստների հետ, ովքեր հերթապահություն են անում մանկատան կիսաքանդ շենքում՝ թույլ չտալով քանդել այն։

Այցից հետո Էրոլ Դորան հայտարարել է, թե մի փոքրիկ խիղճ ունեցողն անգամ շտապ հետ կտար որբանոցը հայերին։ Նա շեշտել է, թե պետք է պահանջել ոչ թե հանրայնացնել «Քամփ Արմենը», այլ սեփականության վկայականը հանձնել հայերին։

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։