Հայաստանի կառավարությունը կրճատել է երկիր ներմուծվող այն պարենային ապրանքների ցանկը, որոնք պետք է պարտադիր սերտիֆիկացում անցնեն: Այդ մասին այսօր` օգոստոսի 3-ին ասուլիսում տեղեկացրեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը` նշելով, որ այդ որոշումը չի բխում սպառողների շահերից: Օրինակ, ըստ Ենոքյանի` հանրապետություն ներմուծվող միսը նախկինում պարտադիր լաբորատոր քննություն էր անցնում, իսկ ներկայում` ոչ:

Ինչ վերաբերում է ներքին ստանդարտներին, ապա ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ ընկերությունները դրանք ստանում են կամավոր հիմունքներով: Սերտիֆիկատը գործարարների վրա էժան չի նստում` 1,5-3,5 մլն դրամ, կախված արտադրության բարդությունից, աշխատակիցների թվաքանակից, տարածման շրջանակից:

Սերտիֆիկատները հայ արտադրողների համար հատկապես կարեւոր են արտահանելիս: Մասնավորապես` եվրոպական շուկա առանց այդ սերտիֆիկատների մուտք գործել հնարավոր չէ: Ազարյանը նշեց, որ գինի եւ կոնյակ արտադրող հայկական կազմակերպությունները, որ այսօր եվրոպական շուկա մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունեն, հայկական սերտիֆիկատների առկայության դեպքում գինին եւ կոնյակը անարգել կարտահանեն Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները ճանաչում են հայկական ստանդարտները: Սակայն, ըստ Ազարյանի, իրենց դիմող ընկերությունները քիչ են, քանի որ իրենք էլ համոզված են, որ որակյալ արտադրանք չունեն: Առայժմ սերտիֆիկացված են միայն խոշոր արտադրողները:

Ընդհանուր առմամբ` Հայաստանում որակի սերտիֆիկատներից օգտվում է մոտ 15 հազ. գործարար: