Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ետխորհրդային երկրներին Եվրամիության անդամակցության նախապատրաստման հարցում, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի սենատոր Քրիս Մերֆին՝ մեկնաբանելով Ռիգայում Եվրոպական Միության եւ ետխորհրդային վեց երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

Սենատորի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է օգնի Եվրոպական Միությանն անդամակցություն ակնկալող ետխորհրդային երկրներին, առաջին հերթին Վրաստանին եւ Ուկրաինային, համապատասխանելու իրենց առջեւ դրվող պահանջներին: Դրանով Վաշինգտոնը նաեւ պարզ ուղերձ կհղի Մոսկվային, համոզված է սենատորը։

«Մենք պետք է ցույց տանք Պուտինին, որ երբ հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը կամ Եվրամիության հետ այլ երկրների համագործակցության խորացմանը, Վլադիմիր Պուտինը չունի վետոյի իրավունք, եւ նա չի որոշելու, թե ով է միանալու ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- ասել է Մերֆին։

Վերլուծաբանների կարծիքով՝ Լատվիայում անցկացված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու նոր հնարավորություններ բացեց Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Բելառուսի համար, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում Ռուսաստանի կողմից լուրջ ճնշման տակ էին հայտնվել: