Մոտավոր տվյալներով՝ այս պահին Սիրիայում բնակվում է 15-20 հազար հայ։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասերյանը՝ նշելով, որ Սիրիայի հայկական համայնքի վիճակը գնահատվում է որպես անբարենպաստ եւ բարդ։
Փոխնախարարի խոսքով՝ համեմատաբար լավ վիճակում են Դամասկոսի հայերը, իսկ Հալեպի եւ Կամըշլիի հայերը գտնվում են ողբալի վիճակում։ Մանասյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը բոլոր քայլերը ձեռնարկում է սիրիահայերի համար ՀՀ քաղաքացիություն եւ վիզա ստանալը հեշտացնելու համար։ «Մենք սիրիահայերի փոխարեն չենք կարող քննարկել Սիրիայում մնալու կամ այդ երկիրը լքելու նրանց ցանկությունը։ Մեր դռները բաց են սիրիահայերի համար»,- ասաց պաշտոնյան։
Ինչ վերաբերում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Լիբանան եւ Սիրիա կատարած այցին, ապա Մանասյանի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաեւ սիրիահայերի՝ որպես ազգային փոքրամասնության անվտանգության պաշտպանության հարցը։
Դիտարկմանը, թե Հալեպի հայաբնակ թաղամասերը ու հայկական եկեղեցիները պարբերաբար հրթիռակոծվում են, նա պատասխանեց. «Դա հակաքրիստոնեական երեւույթ է եւ ոչ թե հակահայկական»։





























