ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթները եթե հայամետ չեն, ապա առնվազն հակահայկական չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Ռիգայի գագաթաժողովում ընդունված հռչակագրում մի առաջարկ է եղել, որ ստորագրող կողմերը ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:

Թեւան Պողոսյանի կարծիքով, հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների վրա, ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել բանակցային գործընթացին: «Միջազգային պրակտիկայում կա հայտնի արտահայտություն. «Չի կարելի հեռանալ բանակցությունների սեղանից»: Բոլորին հայտնի է, թե ով է լքել բանակցությունների սեղանը: Դա վկայում է այն մասին, որ փաստաթղթում տեղ գտած դրույթները, եթե հայամետ չեն, ապա առնվազն հակահայկական չեն»,-ընդգծել է Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն ճիշտ կօգտագործի այդ ձեւակերպումները:

Անդրադառնալով NEWS.am-ի հարցին, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչները սկզբում հրաժարվեցին ստորագրել ամփոփիչ հռչակագիրը, պատգամավորն արձագանքել է. «Բոլորը գիտակցում էին, որ այն, ինչ արեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անընդունելի էր: Բոլոր նման դրսեւորումները հիասթափեցնում են եւ մեծացնում անվստահությունը: Ես ուրախ եմ, որ իմ երկրի ներկայացուցիչը չի հայտնվել նման վիճակում»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի երկրորդ օրը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է ստորագրել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը՝ ԼՂ հարցի վերաբերյալ ոչ բավարար հիշատակման պատճառով: Կա կարծիք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ստիպված է եղել զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ նպատակ ունենալով համոզել, որ Ադրբեջանը ստորագրի հռչակագիրը: