Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում սուրճի շուկան կրճատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Raffael Contini Trading Company, (Rio Grande ապրանքանիշ) ՍՊԸ գլխավոր տնօրեն Րաֆֆի Մխջյանը:
«Չգիտեմ, թե ինչպես դա բացատրեմ: Կամ մարդիկ են արտագաղթել, կամ էլ նրանց դրամապանակներն են դատարկվել: Մարդիկ էլ ստիպված են էժան, բայց վատ սուրճ գնել:
Մի անգամ նման խոսակցություն լսեցի փողոցում: Մեկը մյուսին հարցնում է. «Մոտդ ինչքա՞ն գումար կա»: Մյուսը պատասխանցում է, թե 200 դրամ, բայց տանը հաց չկա: Առաջինը խորհուրդ է տալիս. «Ոչինչ, մի տուփ սո՛ւրճ գնիր»: Մեզ մոտ սուրճ խմում են անգամ ամենաաղքատ մարդիկ: Դա կոտրում է քաղցի զգացումը: Ցավոք, այն, ինչ Հայաստանում խմում են, միշտ չէ հնարավոր սուրճ կոչել»,- հայտարարեց Մխջյանը:
Եթե անգամ խոսենք բնական սուրճի մասին, ապա հայ սպառողի շրջանում գերակշռում է ռոբուստա տեսակի սուրճը: «Ռոբուստայի եւ արաբիկայի հարաբերակցությունը մեր շուկայում 95/5 է, եւ դա լավագույն դեպքում»,- նշեց գործարարը:




























