«Հայ-վրացական հարաբերություններն այնքան կենսական նշանակություն ունեն հայերի համար, որ ԱՊՀ-ի քաղաքական դաշտում Վրաստանի լինել կամ չլինելը Հայաստանի համար էական նշանակություն չի կարող ունենալ։ Հայ-վրացական համագործակցության դաշտում Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալը որեւ լուրջ փոփոխություն չի մտցնի։ Հայաստանը ընդամենը ԱՊՀ-ի հետ կկորցնի իր սահմանը»,- այս մասին «Ուրբաթ» ակումբում հայ-վրացական թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վրացագետ Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ նրա, Վրաստանը պատրաստ է ԱՊՀ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններ պահպանել ու պայմանագրեր կնքել մի շարք հարցերում, քանի որ չլինելով ԱՊՀ անդամ՝ իրավունք ունի օգտվելու ԱՊՀ անդամ երկրների միջեւ կնքված 113 պայմանագրերի մոտ 75-ից, որոնց մեջ են մտնում առեւտուրը, տնտեսությունը, ավիացիոն անվտանգությունը, տեխնիկական համագործակցությունը և այլն։
«Վրաստանը կորցրել է իր երբեմնի նշանակությունը Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար, ավելացրել է իր անկայունության տոկոսը, այդ պատճառով էլ վերանայելով իր գերակա ծրագրերը, փորձում է Հայաստանի հետ տնտեսական, առեւտրային, հեռահաղորդակցային հարաբերություններ հաստատել»,- ասել է վրացագետը։




























