Այսօր հայ հանրությանը հետաքրքրող թիվ մեկ հարցն այն է, թե ինչ հետեւանքներ կունենա Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման արգելակումը։ Արեւմտյան փորձագետներն արդեն խոսում են այն մասին, որ հացահատիկի թանկացումից առաջին հերթին կտուժի Աֆրիկայի եւ Ասիայի զարգացող երկրների բնակչությունը, որտեղ հացի սպառումը կերակրացանկում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի։ Զարգացած երկրներում հացի գնի էական բարձրացում չի սպասվում, քանի որ այնտեղ հացի ինքնարժեքում ցորենի կշիռը համեմատաբար ցածր է (այսինքն՝ հացի արտադրության տեխնոլոգիական ցիկլն ավելի կատարելագործված է ու ծախսատար):

Երեւանում այսօր արդեն հացը թանկացել է 10-20 դրամով, թեեւ դեռ օգտագործվում են նախկինում ներկրված պաշարները։ Թե էլի ինչքան կթանկանա հացը՝ կախված է միջազգային գների փոփոխությունից, եւ այն հանգամանքից, թե ցորենի նոր խմբաքանակներն ինչ գնով են ներմուծվելու։ Այսօր Չիկագոյի բորսայում ցորենի գինը շարունակել է թանկանալ եւ հասել է 1 բուշելի համար 8,68 դոլարի (մոտ 319 դոլար 1 տոննայի համար): Այս շաբաթվա սկզբի համեմատ հացահատիկայինները թանկացել են 25 տոկոսով։ Սակայն նշենք, որ սա դեռ գնի «տանելի» մակարդակ է եւ հեռու է 2008 թ. փետրվարի ռեկորդից, երբ պարենի համաշխարհային ճգնաժամի պայմաններում ցորենի գինը հասավ 1 բուշելի համար 13,5 դոլարի (մոտ 490 դոլար 1 տոննայի համար): Ցորենի գները կհստակեցվեն օգոստոսի երկրորդ կեսից հետո, երբ պետությունների մեծ մասում ավարտին կմոտենան բերքահավաքի աշխատանքները, եւ պարզ կդառնա, թե իրականում որքան բերք է հավաքվել։ Առավել հավանական է համարվում, որ ցորենի գինը կտատանվի 1 բուշելի համար 10 դոլարի սահմաններում։

Ի?նչ կարող է այս ամենին հակադրել Հայաստանը, որն իր կարիքների 65-70 տոկոսը բավարարում է ներմուծման հաշվին։ Միամտություն կլինի, իհարկե, պնդել, որ Հայաստանն անակնկալի եկավ, ու հենց այսօր պետք է զբաղվի հացահատիկային ինքնաբավության բարձրացման խնդիրներով։ Չմոռանանք, որ 2005-2008 թթ. աննախադեպ անհաջող բերքատվության տարիներ էին ամբողջ աշխարհում, ու Հայաստանը պարենային մատակարարման լուրջ դժվարությունների բախվեց։ Հենց այդ ժամանակ էլ Հայաստանում ամենաբարձր մակարդակով սկսեցին խոսել այն մասին, որ պետք է բարձրացնել հացահատիկային ինքնաբավության մակարդակը։ Կառավարությունն ինչ-որ քայլեր այս ուղղությամբ արեց, բայց ցանկալի արդյունքներ չեղան։ Տարբեր երկրներից, անգամ Թուրքիայից ներմուծվեցին սերմացուներ, հացահատիկային կուլտուրաների մշակմաmբ զբաղվողներին տրվեցին սուբսիդիաներ, սակայն արդյունքը ճիշտ հակառակն էր՝ ցորենի ցանքատարածությունները կրճատվում էին, իսկ բերքը՝ պակասում։

Այս տարի կառավարությունը փոխեց մարտավարությունը՝ շեշտը դնելով հացահատիկային սորտերը բարելավելու աշխատանքների վրա։ Մշակվեց նույնիսկ սերմնաբուծության զարգացման ծրագիր։ Դրանով նախատեսվում է Ռուսաստանից ներկրել ցորենի ավելի բարձր բերքատու սորտեր, ինչպես նաեւ զարկ տալ տեղական սերմնաբուծությանը: Նշենք, որ Հայաստանում ցորենի բերքատվությունը մոտը 20 ցա/հա է, Ռուսաստանում այն գերազանցում է 30 ցա/հա-ը, իսկ որոշ եվրոպական երկրներում հասել է մինչեւ 50-60 ցա/հա-ի։ Բնականաբար՝ սակավ վարելահողեր ունեցող երկրում բերքատվության հարցը առաջնային է։ Ի տարբերություն սուբսիդավորման քաղաքականության, որ խնդրի միայն քանակական կողմն էր շոշափում, սելեկցիոն քաղաքականությունը թույլ է տալիս ակնկալել նաեւ որակական տեղաշարժեր։

Կառավարությունում այն աստիճան ոգեւորված էին նոր ծրագրով, որ կառավարության նիստերի ընթացքում այդ հարցn արծարծվեց 2 անգամ, առաջին դեպքում մեծ խանդավառությամբ հաստատվեց ծրագիրը, իսկ երկրորդ դեպքում` ոչ պակաս խանդավառությամբ գումար հատկացվեց սերմեր ներկրելու նպատակով։ Երկու դեպքում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ, իսկ նա, ինչպես հայտնի է, կառավարության նիստի ընթացքում լրացուցիչ պարզաբանումներ տալիս է միայն կարեւորագույն հարցերի քննարման ժամանակ։

Հայաստանում մի այսպիսի ավանդույթ կա, որ ձեւավորվեց Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին՝ կառավարությունը շատ է հպարտանում ծրագրերով, սակայն լռում է արդյունքների մասին։ Վերջին 20 տարիների ընթացքում բազում փայլուն ծրագրեր ենք ունեցել, ու բազում անգամ ականատես ենք եղել դրանց տապալմանը։ Իհարկե՝ լավ ծրագիր ունենալը լավ բան է, բայց առաջնայինը արդյունքներն են։ Երբ գյուղացիներին սուբսիդիաներ էին բաժանում, կառավարությունը եւս լիահույս էր, իսկ հետո առանց մեծ աղմուկի հրաժարվեցին դրանից։ Թե ինչ կլինի սերմնաբուծության զարգացման ծրագրի հետ՝ դժվար է ասել։ Հավանաբար 2 տարի հետո դրա մասին ոչ մեկը չի հիշի, իսկ կառավարությունը ասպարեզ կհանի հերթական փայլուն ծրագիրը եւ եւս 2 տարով կխանդավառվի ու կխանդավառի հասարակությանը։ Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կսովորենք հպարտանալ ոչ թե ծրագրերով, այլ իրական արդյունքներով։

Սամվել Ավագյան