Բելառուսն իր տարածքում կրկին միացրել է այն վերահաղորդիչները, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինային հասցվող ԱԹՍ-ների հարվածները ճշգրտելու նպատակով։ Այս մասին «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն։ Նրա խոսքով՝ այդ սարքավորումներն ուժեղացնում են ռուսական «Շահեդների» և «Գերբերների» ազդանշանը, ինչը հնարավորություն է տալիս դրանց ավելի խորը ներթափանցել երկրի տարածք, այդ թվում՝ արևմտյան մարզեր՝ Ռովնո, Վոլին և Լվով։

«Օրինակ՝ դեպի «Յագոդին» անցակետ ուղղված հարձակումը նույնպես իրականացվել է Բելառուսի աջակցությամբ»,- նշել է Դեմչենկոն։ Խոսքը Լեհաստանի սահմանին գտնվող անցակետի մասին է։ Ռուս զինվորականները դրա ուղղությամբ հարձակվել էին սեպտեմբերի 13-ի գիշերը. այն ժամանակ անօդաչուն հարվածել էր մերձակա բենզալցակայանին ու Կիև-Վարշավա երկաթգծով ընթացող մարդատար գնացքին։ Նշենք, որ այս երկաթգծից արևմտյան քաղաքական գործիչներն օգտվում են Ուկրաինա այցելելիս։

Հունիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից պահանջել էր սահմանից հեռացնել վերահաղորդիչները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում դա կանեն Ուկրաինայի զինված ուժերը։ Դրանից մի քանի օր անց Զելենսկին հայտնել էր, որ հունիսի 22-ից նշյալ սարքավորումները դադարել են աշխատել։ Այն ժամանակ նա նշում էր, թե տեղյակ չէ՝ արդյոք դրանք ապամոնտաժվել են, թե ոչ։

Մայիսին՝ Կիևի վրա ռուսական զանգվածային հարձակումների ժամանակ, մոնիթորինգային ալիքները բազմիցս ֆիքսել են Բելառուսի տարածքից անօդաչուների ներթափանցման դեպքեր։ ԱԹՍ-ներն արձակվում էին Բրյանսկի մարզից, թռչում սահմանի երկայնքով և մի քանի անգամ հատում այն։ Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին («Մադյար») այն ժամանակ զգուշացրել էր Լուկաշենկոյին ռուսական դրոնների համար օդային տարածք տրամադրելու պատասխանատվության մասին։ «Տրամաբանությունը հետևյալն է. միջանցք մարդասպանների համար = հանցակցություն = հատուցում»,- գրել էր նա։

Մայիսի 20-ին Զելենսկին հրամայել էր ուժեղացնել Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը՝ հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինը «շատ է ցանկանում հանրապետությունն ավելի խորը ներքաշել» պատերազմի մեջ։ Միաժամանակ նա Լուկաշենկոյին սպառնացել էր կանխարգելիչ հարվածով՝ Ուկրաինայի համար վտանգ ստեղծվելու դեպքում՝ հիշեցնելով, որ 2022 թվականի ներխուժման սկզբում ռուսական բանակը դեպի Կիև հարձակումն իրականացնում էր նաև Բելառուսի տարածքից։