Չինաստանի համար բացարձակապես անընդունելի են արտաքին միջամտության, ճնշման կամ հարկադրանքի ցանկացած փորձերը՝ այլ պետությունների հետ իր տնտեսական համագործակցության հարցերում։ Սեպտեմբերի 17-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանն աշխարհի բոլոր երկրների հետ տնտեսական ու առևտրային բնականոն համագործակցություն միշտ իրականացրել է հավասարության և փոխշահավետության հիման վրա։ Նման համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ և չի ենթարկվում երրորդ անձանց միջամտությանն ու հարկադրանքին»,- ասված է գերատեսչության կայքում։

Հայտարարության առիթ է դարձել ԱՄՆ Կոնգրեսի ընդունած նոր օրինագիծը, որը Միացյալ Նահանգների նախագահին իրավասություն է տալիս մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթամթերք գնող երկրների դեմ։ Դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է հանդես գալիս ապօրինի միակողմանի պատժամիջոցներին և ընդլայնված իրավազորության մեխանիզմներին, որոնք լիովին հակասում են միջազգային իրավունքին և չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ասիայի երկրները չեն տրվել Արևմուտքի շանտաժին՝ Ռուսաստանից էներգակիրներ գնելու հարցում։ Զախարովան հավելել է, թե քաղաքական հարցերն ապօրինի ու անարդյունավետ մեթոդներով լուծելու փորձերը հանգեցնում են ապակայունացման, որի հետևանքները դժվար է կանխատեսել։ Նրա կարծիքով՝ արևմտյան մի շարք կառույցների գործողությունները թելադրված են պահի կոնյունկտուրայով և Նյու Յորքի բորսայում բաժնետոմսերի գնանշումների վրա ազդելու ցանկությամբ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը օգոստոսի 27-ին Փարիզի բիզնես-ֆորումում հայտարարել է, որ Եվրոպական միության տնտեսական բարեկեցությունը հենված էր Ռուսաստանից ստացվող էներգիայի և դեպի Չինաստան արտահանման ու Արևմուտքի տեխնոլոգիական գերիշխանության վրա։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը չի նշել, որ համաշխարհային առևտրի խաթարումն ու Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման արգելափակումը հենց Եվրահանձնաժողովի մշակած պատժամիջոցների ուղղակի հետևանքն են։