Հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեց միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից` Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնում։

Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում են երկու երկրների միջեւ իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ` կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջեւ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տեւական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունը բավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Սարգսյանի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ:

Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունը հետագայում կթեւակոխի նոր փուլ եւ կնպաստի երկու երկրների միջեւ իրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը: