Կոտայքի մարզի Վերին Պտղնիի բնակիչ 68-ամյա Ս. Ս.-ն գնացել էր բանջար հավաքվել, ինքնազգացողությունը վատացել էր, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վերին Պտղնիի գյուղապետարանից:

Վերին Պտղնիի գյուղապետ Գեւորգ Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց, որ տղամարդը ամուսնացած է, ունի երկու երեխա, թոռներ: «Ինսուլտ է տարել, առողջական խնդիրներ ուներ, տնեցիները անհանգստացել էին, որ չկա, դիմել էին ԱԻՆ-ին»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ 68-ամյա Ս. Ս.-ը ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տանից (Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղ, 1-ին փողոց) և չի վերադարձել: Քաղաքացու «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան վերջին անգամ նկատել են Դիլիջան քաղաքի ոլորանների մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտանաբերել են Ս. Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: