Շիրակի մարզի Փանիկ գյուղում հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը կայծակի, ամպրոպի հետեւանքով այրվել է երկու եղբայրներին պատկանող անասնագոմի եւ ավտոտնակի մի շարք իրեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սամվել Խաչատրյանը:
Նա նշեց, որ ականատեսները պատմում են, որ անընդմեջ ուժեղ կայծակ եւ ամպրոպ էր, վերջին կայծակի հարվածից հետո հարեւանը արթնացել եւ տեսել է, որ դիմացի տան կտուրը այրվում է: Սամվել Խաչատրյանը նշեց, որ այրվածքը այնպիսին էր, որ դա կարող էր լինել միայն կայծակից: Դեպքի առթիվ նշանակվել է փորձագիտական եզրակացություն:
«Հարակից կառույց կա՝ անասնագոմ ու ավտոտնակ, կտուրը լցված է եղել անասնակերով, այրվել է կտուրը ու կուտակված անասնակերը, երկու անվադողերը, սեփականատերերի խոսքով՝ պատճատվել է 2,225մլն դրամի վնաս, երկու եղբոր էր պատկանում»,-ասաց Սամվել Խաչատրյանը:
Նա նշեց, որ բնակիչների իրերը ապահովագրված չի եղել, որպեսզի ընկերությունը փոխհատուցի դրա վնասը: Նման դեպքերում համայնքը, գյուղացիները ով ինչով կարողանում է, օգնում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 16-ին, ժամը 02.14-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 59-ամյա Գեւորգ Մ.-ի եւ 63-ամյա Հովհաննես Մ.-ի տների հարեւանությամբ կառուցված օժանդակ շինության տանիքում: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02.56-ին, եւ մարվել ժամը 05.44-ին՝ մարտական երեք հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է օժանդակ շինության տանիքը` 206 քմ մակերեսով, 3 քմ նոր շինարարական փայտ, 150 հակ անասնակեր եւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 անվադող, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է 2.225.500 դրամի վնաս: Նախնական տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ամպրոպային լիցքերը /կայծակ/: Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային անվտանգության տեսչությունը:





























