Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով 2014թ. հունվարի 13-ին հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով հունիսի 25-ին դատարանը վճիռ հրապարակեց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կալանավորված Արման Թադեւոսյանի փաստաբանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր պաշտպանյալին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման:

«Հրաչ Մնացականյանին եւ Իշխան Կիրակոսյանին նույնպես դատապարտել է 4 տարվա ազատազրկման, իսկ Վահե Օհանյանին՝ 4.5 տարվա: Համոզված եմ, որ ապօրինի դատավճիռ է եղել, որը կայացվել է առանց ապացույցների, միայն ենթադրությունների հիման վրա»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:

Նշենք, որ մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում է պահանջել գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար: Կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար մեղադրող կողմը պահանջել է 6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին  եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով: