Պարբերականն իր խմբագրականում գրում է. «Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից:

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը, որով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվում է 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ, ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարան լիազորություններ են տրվում:

Անվտանգության ապահովումը Հայաստանի պետական մարմիների թիվ մեկ խնդիրն է, եւ ահա այդ խնդրի լուծմանը ռուսական ռազմակայանի ղեկավարության մասնակցությունը դառնում է անառարկելի ու դե յուրե հաստատված փաստ: Իրավիճակի վտանգավորությունը հասկանալու համար բավարար է հիշել, որ կայուն քաղաքական հենարան ունեցող ուժային նախարարները Հայաստանում միշտ էլ ավելին են, քան նախարարը, երբեմն ավելին, քան նախագահը: Եւ այս իմաստով, պատկերացնել կարելի է, թե ինչի կարող է վերածվել ՀՀ-ում ռուսական ռամակայանի՝ թիկունքում գերտերություն ունեցող ղեկավարը վերը նշված արձանագրությունների ստորագրման եւ վավերացման պարագայում:

Գեներալ-գուբերնատոր ձեւակերպումն օգտագործելու գայթակղությունը մեծ է, շատ մեծ, եւ այդ արտահայտությունը վախենալու չափ իրական է հնչում «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է» գրիզլովյան հայտարարության ֆոնին: Վերը շարադրվածը չէր կարող դուրս մնալ Հայաստանի գործող իշխանության տեսադաշտից, նրանք չէին կարող չնկատել, որ հայ-ռուսական արձանագրությունների վերախմբագրմամբ, զիջում են Հայաստանի կիսատ-պռատ ինքնիշխանության եւս մի կտոր»: