Իտալական Բոլոնիայում անցկացվող կրկին հայտնաբերված եզակի կամ քիչ հայտնի ֆիլմերի «Cinema Ritrovato» 29-րդ փառատոնին հինգշաբթի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատկերող հազվագյուտ կադրեր են ցուցադրելու:
Ըստ France Press գործակալության, պատմական նշանակալի աղբյուր հանդիսացող համր ֆիլմը, որը պատահմամբ հայտնաբերվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, նկարահանվել է 1923 թվականին: Այն ցուցադրվելու է մի հավաքածուի շրջանակում, որի նպատակն է ընդգծել հայկական կինոյի նշանակությունն Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածից 100 տարի անց:
Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմը (1925թ.), որը համարվում է առաջին հայկական գեղարվեստական կինոնկարը, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969թ.) եւ Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1980թ.):
Փաստագրական եզակի կադրերի շարքում է նաեւ ֆրանսիացի զինվորականների նկարահանումների հիման վրա պատրաստված 5 րոպե տեւողությամբ ֆիլմը՝ Եգիպտոսի հայ փախստականների Պորտ Սաիդ ճամբարի մասին:
Սակայն փառատոնի մարգարիտը լինելու է 4 րոպեանոց «Հայաստան. մարդկության բնօրրան» ժապավենը, որը նկարահանվել է Թուրքիայում կոտորածների ավարտից կարճ ժամանակ անց:




























