Եգիպտոսում իրականացվող ահաբեկչությունները եւ ՀՀ ԱԳՆ-ի նախազգուշացումները չեն ազդում հայ զբոսաշրջիկների վրա, նրանք շարունակում են մեկնել եւ հանգստանալ այնտեղ: NEWS.am-ի թղթակցիը զանգել է մի քանի տուրիսատական գործակալություններ, որպեսզի պարզի՝ արդյոք հայերը շարունակում են մեկնել Եգիպտոս եւ ինչպես է այժմ այնտեղ հանգստացողների վիճակը:

«Եգիպտուրից» NEWS.am- ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ հանգստացող չունեն այնտեղ, երեկ են վերադարձել, բայց իրենք տեղյակ են, որ հանգստյան գոտիներում որեւէ խնդիր չկա: Հուլիսի 10-ին հանգստացողներ կմեկնեն Հուրգադա: Ընկերությունից հայտնեցին, որ եղել են դեպքեր, երբ փաթեթներ գնած անձինք անհանգստացել են, դիմել, թե արդյոք անվտանգ է մեկնել Եգիպտոս, սակայն նրանց վստահեցվել է, որ որեւէ խնդիր չկա: Ի դեպ, մարդիկ շարունակում են դիմել տուրիստական գործակալությանը եւ հետաքրքրվել Եգիպտոսում հանգստի գներով:

«Go travel»-ից էլ մեզ փոխանցեցին, որ այժմ Եգիպտոսում հանգստացողներ ունեն, բայց թիվ չեն կարող հայտնել, իրենք զանգել, հետաքրքրվել են, որեւէ ահազանգ եւ անհանգստություն չկա: Այստեղ դիմող քաղաքացիների մի մասը անհանգստանում է Եգիպտոսի մասին տարածվող լուրերով, մյուսները ուշադրություն չեն էլ դարձնում, սակայն, բոլոր դեպքում, հանգստյան գոտիներում խուճապ չկա:

«SHELBY TOUR»-ից եւս կապ են հաստատել Եգիպտոսում հանգստացողների հետ, բարեբախտաբար, որեւէ խնդիր նրանք չունեն: «Բարձրացված աղմուկից իրենք զարմացած են, գտնվելով Եգիպտոսում՝ որեւէ խնդրի առաջ չեն կանգնել, այժմ էլ  շատ գնացողներ ունեն, մարդիկ շարունակում են մեկնել»,-հայտնեցին գործակալությունից, որ այժմ Եգիպտոսում իրենց միջոցով հանգիստ է անցկացնուն մոտ 10 հոգի, առաջիկայում էլ նույնքան մարդ կմեկնի:

«HAPPY TOUR»-ի միջոցով այժմ Եգիպտոսում հանգստի է մեկնել 8 հոգի, նրանք եւս նորմալ են, որեւէ խնդիր չկա: Առաջիկայում եւս բազմաթիվ մեկնողներ կլինեն:  «ՕԼՏՈՒՐՍ»  տուրօպերատորի միջոցով մի շարք քաղաքացիներ Եգիպտոս կմեկնեն հունիսի 10-ին:

«Նեոթրավելից» հայտնեցին, որ այս պահին Եգիպտոսում հանգստացող չունեն, պայմանավորված վերջին իրադարձություններով՝ իրենք դադարեցրել են առաջարկները, տեւական ժամանակ է՝ իրենց եւս չեն դիմել Եգիպտոս մեկնելու հարցով:

Նշենք, որ այդպես էլ չհաջողվեց որեւէ ընդհանուր թիվ պարզել Եգիպտոսում հանգստացող հայերի քանակի մասին, նման վիճակագրություն չի վարվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Եգիպտոսում իրենց հանգիստն իրականացնող ՀՀ քաղաքացիներին մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում: ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է.

«Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են իրականացնում Եգիպտոսի Սինայի թերակղզում: