Հուլիսի 9-ին հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» մշակութային կենտրոնում թեյի ինքնատիպ արարողություն է անցկացվել:

Թեյախմության ճապոնական արվեստի բոլոր կանոններին համապատասխանող արարողությունն անցկացրել է Օչինո-սանը՝ «Բարձր մշակույթ եւ ավանդույթներ... Ճապոնիայից» միջոցառման շրջանակում: Այն կազմակերպել են«Հիկարի» մշակութային կենտրոնն ու Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը:

Ճապոնիայում թեյը, հիմնականում՝ կանաչ, խմում են արդեն ավելի քան 400 տարի: «Թեյը ոչ միայն պետք է համեղ լինի, այլեւ գեղեցիկ մատուցվի»,- խորհուրդ է տալիս Օչինո-սանը՝ մատնանշելով թեյի սեղանի վրա դրված հովհարն ու փոքրիկ իկաբենան:

Թեյի արարողության մասնագետ Օչինո-սանը ճապոնական ավանդական մշակույթով սկսել է հետաքրքրվել 18 տարեկանում, համալսարան ընդունվելուց հետո: Դրանից հետո Օչինո-սանը քարոզում է ավանդական ճապոնական մշակույթը, թեյի արարողություններ է անցկացրել ավելի քան 20 երկրներում: Հայաստանում Օչինո-սանն առաջին անգամ է: «Հույս ունեմ՝ կրկին կգամ»,- ժպտում է նա:

Թեյից առաջ հյուրերին քաղցրավենիք են մատուցում, որոնք ոչ միայն համեղ են, այլեւ աչք են շոյում: Քանի դեռ հյուրերը վայելում են այն, տանտիրուհին թեյ է պատրաստում: Թեյը պահպանելու համար, հնագույն ավանդույթների համաձայն, լաքապատ փայտե արկղիկ է օգտագործվում:

Կանաչ թեյը պատրաստվում է հատուկ տեխնոլոգիայով: Թեյը փոքր չափաբաժնով մատուցվում է խեցուց գավաթով: Ավելի մեծ ճափաբաժնի սովոր եվրոպացիներին դա անսովոր է թվում: Սակայն թանձր համը, որն ընդգծվում է հատկապես քաղցրեղենից հետո, երկար է մնում, եւ նույնիսկ փոքր չափաբաժնով աշխուժացնում է: