Մոսկվայի «Սպարտակի» 20-ամյա հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը մինչեւ ընթացիկ տարվա ավարտը վարձակալության հիմունքներով ժամանակավորապես տեղափոխվել է «Անժի» ակումբ, հաղորդում է կարմիր-սպիտակների մամլո ծառայությունը։
«Ես մեկնում եմ Մախաչկալա, որպեսզի ստանամ մշտական խաղային պրակտիկա։ Ցանկանում եմ օգնել „Անժիին“, որ նա անցնի պրեմիեր լիգա իսկ ես բարձրացնեմ վարպետությանս մակարդակը։ Հուսով եմ, որ մյուս տարի կվերադառնամ „Սպարտակ“»։
20-ամյա հարձակվողը գարնանը նոր պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ, կարմիր-սպիտակների կազմում նա այս տարի անցկացրել է առաջնության ընդամենը 3 հանդիպում։
Հիշեցնենք, որ Մալոյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե որ երկրի հավաքականում է հանդես գալու ապագայում։ Նա հայկական եւ ռուսական հավաքականների միջեւ պետք է կողմնորոշվի։




























