Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում իրենց քաղաքական հարաբերությունների մակարդակին: Սրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Այդ մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։

Խոսելով տնտեսական կապերի բարելավման տեսակետից ենթակառուցվածքային ծրագրերի մասին՝ դեսպանը նշել է. «Ենթակառուցվածքների ստեղծման բնագավառում մենք Իրանի հետ համատեղ իրականացված ծրագիր արդեն ունենք, իսկ մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են: Երկու էլեկտրական բարձրավոլտ գծեր արդեն կառուցված են, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է: Ժամանակին կառուցվել է եւ գործում է Հայաստան-Իրան գազամուղը: Ի դեպ, երբ Հայաստանն անկախացավ, մեզ միացնող որեւէ ճանապարհ չկար, եւ «Արաքս» գետը բաժանում էր երկու երկրները: Իհարկե, հիմա հուսալի ճանապարհային կապ կա երկու երկրների միջեւ: Նախագծման փուլում է գտնվում Արաքսի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագիրը՝ մեկ կայան նախատեսվում է կառուցել Հայաստանի կողմում, մյուսը՝ Իրանի»:

Ըստ դեսպանի, քննարկվում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին Հայաստանի մասնակցության խնդիրը: «Մեր նապատակն է, որպեսզի Պարսից ծոց–Իրան-Հայաստան-Վրաստան–Սեւ ծով տրանսպորտային միջանցքը ժամանակին կառուցվի, եւ ընդհանրապես Հայաստանը ակտիվորեն   ներգրավված լինի երկու երկրների համար նպաստավոր տարածաշրջանային ծրագրերում:  Իրանը Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության մի շարք հնարավորություններ ունի: Իրանը Թուրքիայի միջոցով կարող է հաղորդակցվել Եվրոպայի հետ, Իրաքի եւ Սիրայի տարածքով կարող է դուրս գալ Միջերկրական ծով, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով դուրս գալ Սեւ ծով եւ այլն: Հյուսիս–հարավ առանցքում լիակատար ներգրավման համար մենք ցանկանում ենք, որպեսզի  Իրանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցը Պարսից ծոցը կապի Հայաստանի սահմանի հետ: Հայաստանում այսօր վերակառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին այն կկապի Վրաստանի սահմանի հետ եւ կապահովի մեզ համար ելք դեպի Սեւ ծով:

Այս ծրագիրն ավարտելու համար անհրաժեշտ է նաեւ իրանական հատվածում կառուցել լրացուցիչ 60կմ երկաթագիծ, որը կհասնի մինչեւ Հայաստանի սահման: Մեր նպատակն է այսպիսի ծրագրերի իրականացման գործում սերտորեն համագործակցել Իրանի հետ»,- նշել է Արտաշես Թումանյանը:

Դեսպանը նաեւ նկատել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կօգնի Իրանին։ «Հայաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը ԵՏՄ անդամ հինգ երկրներն են: Այս երկրների միջեւ մաքսային սահման գոյություն չունի, եւ դրանց տարածքում գործում է մեկ միասնական մաքսային օրենսդրություն: Ուստի, պետք է նկատի ունենալ, որ իրանական ապրանքների մուտքը Հայաստան հավասարազոր է ԵՏՄ տարածք մտնելուն: Այսպիսով, Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունների բովանդակությունը լիովին նոր իմաստ է ստանում: Այստեղ երկու կարեւոր հանգամանք կա: Երբ իրանական ապրանքը մուտք է գործում Հայաստան, դա հավասարազոր է տվյալ ապրանքը ԵՏՄ տարածք ներմուծելուն»,- ասել է Թումանյանը: