Դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն (Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան–խմբ) կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին դատախազությունից։
Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:
Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:
Ըստ ՔԿ–ի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։





























