«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության անդամ Արշալույս Հակոբյանը մահացել է մենինգիտից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը: Նա նշեց, որ Հակոբյանի հիվանդության պատճառ կարող էր հանդիսանալ սթրեսային ու նյարդային վիճակը: Դանիելյանի խոսքով՝ Հակոբյանի մոտ բանտից դուրս գալուց հետո են ի հայտ են եկել սուր գլխացավեր ու սրտի հետ կապված խնդիրներ: «Մենք կասկածներ ունենք, որ հիվանդությունը նրա մոտ ի հայտ է եկել բանտում անցկացրած ժամանակ»,- նշեց Դանիելյանը:

37-ամյա Արշալույս Հակոբյանը մահացել է Կանադայում: Ըստ նախնական տվյալների, նա հողին է հանձնվելու ԱՄՆ-ում, որտեղ ապրում են նրա ծնողները: Մինչդեռ իրավապաշտպանի կինը, Դանիելյանի հավաստմամբ, ցանկանում է, որ ամուսինը թաղվի Հայաստանում: Հարկ է նշել, որ Արշալույս Հակոբյանը Կանադա էր մեկնել մոտ երեք ամիս առաջ՝ քաղաքական ապաստան ստանալու համար: «Նա ազատ արձակվելուց հետո խնդիրներ ուներ ոստիկանության աշխատողների հետ՝ կապված իրեն վերագրված մեղադրանքի հետ»,-ասաց Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիսի 5-ին ձերբակալվել էր: Իրավապաշտպանների պնդմամբ, Կենտրոնի ոստիկանատանը նրան դաժան ծեծի էին ենթարկել Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:

Հակոբյանի դեմ քրգործ էին հարուցել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, սակայն հոկտեմբերի 16-ին ազատ էին արձակել նրան: Դատարանը փետրվարի 5-ին արդարացրել էր նրան: Հակոբյանը ձերբակալությունից հետո բողոքում էր առողջական խնդիրներից: