ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն մինչեւ տարվա վերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահնեռրի հերթական հանդիպումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հույս ունենք, որ նախագահները այս տարի կհանդիպեն։ Հանդիպումներն անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք ունենալ այն գործընթացը, որը կտանի դեպի բանակցված կարգավորում»,– ասաց Ուորլիքը։
Ամերիկացի համանախագահի խոսքով` դեռեւս քննարկվում են կարգավորման սկզբունքները եւ տարրերը, սակայն կողմերը դեռ չեն հասել քարտեզներով բանակցային սեղանի շուրջ նստելու փուլին։
«Սրանք հարցեր են, որոնք պետք է, քննարկեն նախագահները։ Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որտեղ բանակցային սեղանի շուրջ կնստենք քարտեզներով։ Նախագահներն այժմ քննարկում են կարգավորման սկզբունքները եւ տարրերը, եւ հույսով եմ, որ կհասնենք այն մակարդակին, երբ բոլոր այս հարցերը կկարողանանք մանրամասն եւ սիստեմատիկ քննարկել»,– ասաց Ուորլիքը։





























