«Նորաստեղծ հիպոտեքային հիմնադրամի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ Կառավարությունը փորձում է կարճաժամկետ միջոցներ ձեռնարկել տնտեսական անկմանը հակազդելու համար եւ դա անում է երկու ուղղություններով` ե՛ւ առաջարկի ե՛ւ պահանջարկի խթանմամբ»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: «Եթե դու միայն պահանջարկ խթանես, գումարը լցնես տնտեսություն, իսկ առաջարկները բացակայեն, բնականաբար այդ միջոցները պետք է ներմուծման միջոցով պահանջարկը բավարարեն: Իսկ այս համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի խթանենք պահանջարկը անշարժ գույքի շուկայում, քանի որ անշարժ գույքի շուկան դա այն երկրորդային շուկան է, որն ուղղորդում է առաջնային կապիտալ՝ շինարարությունը»,- ասաց նա ու հավելեց. «Այսինքն եթե անշարժ գույքի երկրորդային շուկայում ընդհանուր եկամտաբերությունը կամ գները կտրուկ ընկնում են, բնականաբար, առաջարկողները բավականին խնդիրներ կունենան եւ հնարավոր է ընդհանրապես որեւիցե շինարարություն չանեն: Իսկ գներն ընկնում է, որովհետեւ պահանջարկն է ընկնում, որովհետեւ գնորդները բացակայում են: Գնորդներն էլ բացակայում են, որովհետեւ նրանց եկամուտներն են կրճատվում: Այս պարագայում մենք փորձում ենք նաեւ այդ գնորդներին խթանել»:
Հարցին, թե ե՞րբ կդրվեն այդ ֆինանսները շրջանառության մեջ, փոխնախարարը պատասխանեց, որ իրենց նախարարությունն արդեն այդ գումարները փոխանցել է ԿԲ եւ այդ հարցի պատասխանը պետք է փնտրել ԿԲ-ում ու հիպոտեքային հիմնադրամում: «Կարող եմ միայն ասել, որ շատ կարճ ժամանակում` սեպտեմբեր- հոկտեմբերին արդեն այդ գործընթացը կսկսվի»,- հավելեց նա:
Հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե այդ հիմնադրամի միջոցով ստացվող հիպոտեքային վարկերի պայմանները տոկոսադրույքի եւ կանխավճարի մասով ինչպիսի՞ն կլինեն, այն կլինի 30 տոկո՞ս, թե ավելի ցածր: Այս առնչությամբ Վ. Արամյանն ասաց. «Այդ պայմանները բիզնեսն է սահմանում: Կանխավճարը 20 թե 30 տոկոս կլինի, կախված է նաեւ վարկ վերցնողի վարկունակությունից եւ իր ունեցած հոսքերից: Եթե մարդը բավականին հուսալի կայուն եկամուտներ ունի, կարող է կանխավճար չլինի, կամ շատ ցածր լինի, իսկ եթե վարկառուն ունի բավականին ռիսկային եկամուտներ կամ չունի հիմնական աշխատանք, բնական է, որ այդ տոկոսադրույքներն ավելի բարձր կլինեն»: Այդուհանդերձ նա ընդգծեց, որ հիմնադրամի միջոցով ստացվող միջոցների պայմանները ավելի մեղմ են լինելու:




























