Օգոստոսի 15-ին լրանում է լեգենդար «Կինո» խմբի առաջատար Վիկտոր Ցոյի ողբերգական մահվան 20 տարին:
Երգիչի հարյուրավոր երկրպագուներ այսօր առավոտվանից ծաղիկներ են տանում Սանկտ Պետերբուրգի Բոգոսլովյան գերեզմանատանը գտնվող Ցոյի շիրիմին: Այսօր Միխայլովյան պալատի շքաբակում տեղի կունենա համերգ` ռոք-երաժիշտի հիշատակին: Կհնչեն «Կինո» խմբի երգերը, կլինի լազերային շոու:
Ցոյի հիշատակին նվիրված մեծ համերգ կլինի նաև մոսկովյան «Տոչկա» ակումբում, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը: Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում ևս տեղի կունենան հիշատակի համերգներ:
Նշենք, որ Հայաստանում ևս «Կինո» խումբը բազմաթիվ երկրպագուներ ունի: Ամեն տարի Ցոյի ծննդյան օրը` հունիսի 21-ին և մահվան օրը` օգոստոսի 15-ին Երևանում լեգենդար երգիչի և երաժիշտի պատվին տեղի են ունենում համերգներ:
Հիշեցնենք, որ 1990թ. օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը զոհվեց գիշերային ձկնորսությունից Յուրմալա վերադառնալու ճանապարհին` «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին: Ցոյի ավտոմեքենան մխրճվել էր «Իկարուս» ավտոբուսի մեջ: Պաշտոնական վարկածով` նա քնել էր ղեկին:



























