Վանաձորի Արցախի պուրակից, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին կմեկնարկի,  մարզային երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան Երեւան նստացույցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝  պլանավորված է ճանապարհի մի մասն  անցնել ոտքով, իսկ այն հատվածներում, որտեղ բնակավայրեր չկան՝ մեքենայով :

«Երթով Վանաձորից իրազեկման ակցիաներ անցկացնելով գալու ենք Երևան: Հուլիսի 28-ին լինելու ենք Գյումրիում և ժամը 17:00-19:00-ն իրազեկման երթ ենք անցկացնելու, ամսի 29-ին Թալինում ենք լինելու, 30-ին էլ` Աշտարակում և նույն օրը մտնելու ենք Երևան»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

 «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները մինչեւ մարզային իրազեկման ակցիան սկսելն այսօր եղել են  Գյումրիի գլխավոր հրապարակում, խոսել լրագրողների հետ հետագա քայլերի մասին:

Նրանք տեղեկացրել են, որ իրենց միանալու խնդրանքով դիմել են «Ոչ թալանին» նախաձեռնությանը, սակայն վերջինները հրաժարվել են` պատճառաբանելով, որ իրենք պայքարի իրենց ձեւաչափն ունեն:

«Այս պահին մեզ կտրականապես չի միանում «Ոչ թալանին» նախաձեռնությունը, սակայն մենք չեն մտահոգվում, մեր կողքին կրկին ժողովուրդ կա, եւ ավելի քան վստահ ենք` պայքարը կշարունակենք առանց խնդիրների ու կհասնենք արդյունքի»-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրենց հիմնական պահանջը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման չեղարկումն է, քանի որ իշխանությունների առաջարկած լուծումն իրենց չի բավարարում եւ համոզիչ չէ։

«Երկրի նախագահի ելույթից մեկ ամիս է անցել, մենք այդպես էլ չիմացանք, թե էդ աուդիտը ով պիտի անցկացնի , էդ սուբսիդավորվող գումարը որտեղից է ստացվելու, եւ ի վերջո շատ հարցեր կան, որոնց պատասխաններն այդպես էլ հասարակությունը չիմացավ, ու հենց դրա համար մենք պահանջում են չեղարկել որոշումը»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չչեղարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից սկսելու են մի շարք բողոքի ակցիաներ: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։