Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան  Կարինե Դանիելյանն  անդրադարձել են Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի վերջին տարիների ռազմավարությանն ու  2015 թվականի ծրագրի ընթացքին, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հստակ խնդիր է դրված ամեն տարի ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիների մակերեսը, ինչը նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի դրույթներից է:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման հիմքում ոռոգման ցանցերի ավելացումն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել:

Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերի իրականացման շնորհիվ մայրաքաղաքի ոռոգման համակարգն ամեն տարի ընդլայնվում է շուրջ 30   կիլոմետրով: Կանաչապատման գործընթացը, ըստ վարչության պետի, կատարվում է նախապես հասցեագրված եւ բացառապես ոռոգելի տարածքներում:

«Եթե համեմատենք խորհրդային տարիների եւ այժմյան Երեւանը, ապա ներկայում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը շուրջ 30 հեկտարով գերազանցում է 90 –ականների Երեւանի կանաչապատման ցուցանշին եւ ներկայում հասել է 950 հա-ի: Սա իրապես վերջին տարիների հետեւողական եւ կանոնակարգված աշխատանքի արդյունք է»,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Այս տարի մայրաքաղաքի Ավան,Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ ոռոգվել են կառուցված թվով 4 խորքային հորերից: Արդյունքում բավարարվել է ոռոգման ջրի առկա պահանջարկի շուրջ 20 տոկոսը, իսկ Ավան վարչական շրջանի դեպքում`80 տոկոսը:

Խորքային հորեր նախատեսվում է կառուցել նաեւ 2016 թվականին: Անդրադառնալով ծառատունկերին՝ Ավետ Մարտիրոսյանը նշել  է, որ միայն 2015 թվականի գարնանը մայրաքաղաքում տնկվել է շուրջ 20000 ծառ եւ թուփ` միջինը 70 տոկոս կպչողականության ցուցանիշով: Ի տարբերություն խորհրդային տարիներին կազմակերպված տարերային  ծառատունկի՝ ներկայում այդ գործընթացը նույնպես իրականացվում է նախապես հասցեագրված, ոռոգելի տարածքներում` մասնագիտական եզրակացության արդյունքում Երեւանի համար ամենանպաստավորը համարվող եւ ծանր մետաղներ կլանող այնպիսի ծառատեսակներով, ինչպիսիք են  հացենին,կաղնին, սոսին, ակացիան եւ այլն: Ծառերի տնկիների զգալի մասն ապահովվում է քաղաքային տնկարանից: Ինչ վերաբերում է ծառերի էտին , ապա Ավետ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ գարնանն իրականացված խոր էտը միանշանակ կատարվել է բոլոր ագրոկանոններին համապատասխան եւ արդարացրել է բոլոր սպասելիքները:

«Հիմնականում մենք խոր էտի ենք ենթարկել թեղիները, որոնք Երեւանի ծառատեսակների մոտ 30 տոկոսն են կազմում: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, հետեւաբար մենք պետք է աստիճանաբար վերափոխենք այդ ծառատեսակները, ինչպես դա արեցինք Զաքյան փողոցում: Մինչ այդ , սակայն,  առանձին հատվածներում կատարված թեղիների խոր էտը կենսունակությունը երկարացնելու նպատակ է հետապնդում: Այսօր արդեն մայրաքաղաքի Քոչարի, Կիեւյան, Շինարարների եւ այլ փողոցներում, ուր խոր էտ էր կատարվել,կարելի է համոզվել, որ գեղեցիկ սաղարթներ են ձեւավորվել: Վստահեցնում եմ նաեւ, որ այս կերպ ծառերի կյանքը զգալիորեն կերկարի: Արդյունքն այսօր ինքնին հերքում է բոլոր մտահոգությունները »,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նշել է, որ  թեղիների դեպքում խոր էտը միանշանակ արդարացված  էր եւ կատարվել է ագրոկանոններին համապատասխան:

«Թեղիները փրկելու ուրիշ հնարավորություն չկա: Դրանք իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետեւաբար կամ անհրաժեշտ է մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խոր էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից  միջատները հայտնվում էին մարդկանց բնակարաններում, իսկ միանգամից նոր ծառատեսակներով դրանք փոխարինելն անհնար է: Հասկանում եմ  քաղաքացիների մտահոգությունը, սակայն ուզում եմ վստահեցնել, որ հենց մասնագետներն էին խորհուրդ տալիս կատարել թեղիների խոր էտ: Արդյունքում մենք ծառեր չենք կորցրել եւ  հակառակը՝  վերականգնված, առողջացած ծառեր ունենք: Նաեւ ուզում եմ ասել, որ քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների կողմից իրոք մեծ ծավալի աշխատանք է կատարվում. գոնե ես այսքան գեղեցիկ ու ծաղկապատ Երեւան դեռ չէի տեսել,-նշել է Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը, գոհունակություն հայտնելով նաեւ ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումից, քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել Երեւանու ավագանու կողմից հաստատված կարգով իրենց պարտականություններում թերացող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Ասուլիսի ավարտին քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները տարեկան շուրջ 15 հա-ով ավելանում են, իսկ 2015 թվականին`16 հա - ով: Զուգահեռաբար ավելանում են քաղաքը արտաքին ազդեցություններից պաշտպանող նոր անտառաշերտերն ու սիզամարգերը: