«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 28-ին, մոտավորապես 3 րոպեով նստեցին Տիգրան Մեծ փողոցի Կառավարության շենքին հարակից երթեւեկելի հատվածում, ինչից սակայն երթեւկությունը չխափանվեց: Ոստիկանները շրջապատեցին նստած ակտիվիստներին, որոնք մի քանի րոպեից հեռացան փողոցի երթեւեկելի հատվածից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը եւ մի քանի ակտիվիստներ ոստիկաններին ուղեկցությամբ անընդհատ քայլում են Հանրապետության հրապարակին հարակից փողոցներով: Դավիթ Սանասարյանը մի քանի անգամ փորձեց անցնել հրապարակի գորգի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին:

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Երեկ սակայն, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ամբողջ օրը ակտիվիստները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացրին հրապարակում։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։