Լրանում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70 տարին: 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան B-29 «Enola Gay» ռմբակոծիչից Հիրոսիմայի վրա նետված «Փոքրիկ» գաղտնանունով ուրանե ռումբի պայթյունի հետեւանքով մեկ ակնթարթում 70-100 հազար մարդ զոհվեց: 1945 թվականի վերջին զոհերի թիվը հասավ 140 հազարի:
Ողբերգության տարելիցին Հիրոսիմայում ամենամյա սգո արարողություն կանցկացվի: Ավանդույթի համաձայն, Ճապոնիա են ուղարկվել խաղաղության լապտերներ, որոնք պատրաստել են հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի սաները:
Օգոստոսի 6-ին Երեւանում նույնպես հիշատակի միջոցառում կկազմակերպվի, որը կանցկացվի Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության քարի մոտ:
Հավելենք, որ օգոստոսի 9-ն էլ Միացյալ նահանգները երկրորդ ատոմային ռումբը նետեց ճապոնական Նագասակի քաղաքի վրա: Այստեղ 60-80 հազար մարդ զոհվեց:




























