Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում օգոստոսի 4-ին մահացած 23-ամյա հղին՝ գյումրեցի Ջուլիետա Գասպարյանը, որի մոտ հայտնաբերվել էր ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարբիտ, 4-րդ աստիճանի միտրալ անբավարարություն, նախկինում սրտից չի գանգատվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրիի միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը, որի հսկողության տակ է գտնվել Ջուլիետան հղիության ընթացքում:
«Մեզ մոտ այցելել է երեք անգամ, բոլոր պարամետրերը նորմայի մեջ են եղել, հերթական՝ երրորդ այցի ժամանակ քաշի անկում է ունեցել կես կիլոգրամի չափով: Ես հարցրել եմ, ինքը ոչ մի գանգատ չի նշել: Եթե հղին գանգատ է նշում, ուղարկում ենք հատուկ մասնագետի մոտ, հետազոտություններ է անցնում: Եթե գանգատ չի նշում, ես ի՞նչ պիտի անեմ»,- ասաց գինեկոլոգը՝ նշելով, որ հնարավոր է՝ Ջուլիետայի հիվանդությունը բնածին եղած լինի, ինչի պարագայում նրան հղիանալ չէր կարելի:
Արմեն Ավետիսյանը նշեց, որ վերջին այցի ժամանակ Ջուլիետան միայն թեթեւ սրտխառնոցից է գանգատվել. «Սկեսուրն էլ հետն էր, ասեց՝ հաց էլ չի ուտում, ես էլ բացատարեցի ամբողջ բարդությունը, թե ինչի կարող է բերել վիտամինների պակասը: Անկետայում էլ գրել եմ, որ հերթական բարդությունների մասին զգուշացվել է»:
Գինեկոլոգը պատմեց, որ դրանից հետո Ջուլիետային նախատեսվածից ավելի շուտ է կանչել, սակայն նա չի գնացել եւ գրեթե նույն ժամանակ դիմել է «Գյումրու» ծննդատուն:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ին ասաց, որ Ջուլիետան «Գյումրու» ծննդատուն է դիմել հուլիսի 28-ին, նրա մոտ հաճախասրտություն է եղել, համախատասխան մասնագետների կոնսուլտացիա է անցել, ախտորոշվել է սեպտիկ էնդոկարդիտ եւ տեղափոխվել Երեւան:
Հիշեցնենք, որ Ջուլիետան հղիության 25-րդ շաբաթում էր, նա «Էրեբունի» ԲԿ էր ընդունվել «Արմենիա» ԲԿ-ից, որ հուլիսի 28-ին տեղափոխվել էր Գյումրիից: Հղին հետազոտություն էր անցել Նորք Մարաշի սրտաբանական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել էր ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարբիտ: Հուլիսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո նրա հղիությունը ընդհատվել էր, տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, որտեղ օգոստոսի 4-ին մահացել էր:





























