Հղիության 33-րդ շաբաթում գտնվող Աննան Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան մասին տեղեկացել է տուրիստական գործակալություններից մեկի միջոցով: Օգոստոսի 4-ին մայրիկի հետ Հանքավան մեկնած Աննան 4 ժամ անց ստիպված վերադարձել է, քանի որ համացանցում առկա՝ հանգստյան տան լուսանկարներն իրականության հետ որեւէ կապ չունեն:
«Սենյակը, որը մեզ տրամադրեցին, հավաբուն էր. մի փոքրիկ սենյակ երկու նեղ մահճակալով, որոնք երեւի թե երեխաների համար էին նախատեսված: Սարսափելի կեղտոտ էր, սեղանի ծածկոցը եւ հատակը ամբողջությամբ կեղտոտ, պահարանի դուռը կոտրված: Ճաշարանի մասին չխոսեմ, անհամ ու սարսափելի ճաշեր…»,- պատմեց Աննան:

Սենյակում տիրող վիճակի մասին Աննան պատմել է հանգստյան տան տնօրենին, վերջինս պատասխանել է, թե հիմա կգան, կմաքրեն սենյակը: Սենյակ բարձրացած հավաքարարուհին, Աննայի խոսքով, գործով զբաղվելու փոխարեն՝ սկսել է «մուննաթ գալ», թե ինչու են տնօրենին բողոքել:

«Ոչ մի ներողություն, ոչ մի անհանգստություն: Բակում հանգստացողներին էլ եմ հարցրել, իրենք էլ են բողոքել, բայց ասացին՝ փողը տվել ենք արդեն, մի քանի օր յոլա կգնանք: Բացի դրանից՝ տաք ջրով սենյակ ունենալու համար հավելյալ պիտի վճարեն մարդիկ»,- ավելացրեց Աննան:
Նրա խոսքով՝ հանգստյան տան տարածքում նույնիսկ զբոսնելու տեղ չկար, ընդամենը մի քանի տաղավարներ էին դրված, այն էլ կոտրված եւ հնարավոր չէր այնտեղ նստել:

Հանգստյան տան տնօրենը, սակայն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ հանգստացողների մեծ մասը գոհ է կենցաղային պայմաններից, իսկ աշխատող երկու հավաքարարներն էլ ամբողջ օրը մաքրում են հանգստյան տունը:


Լուսանկարները NEWS.am-ին է տրամադրել Աննան




























