Հայաստանում ընթացող Համահայկական խաղերի բոլոր մասնակիցների համար օգոստոսի 8-ը հանգստի օր է լինելու: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ, առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: 

Օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ` Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության պատասխանատուների կողմից: Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի  որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում: