Մարաշում փետրվարի 19-ին 4 մարդու, այդ թվում 8-ամսական երկվորյակ տղաներին վրաերթի ենթարկած վարորդի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Ավետիսյանը տառապել է «Էպիլեպսիա» հիվանդությամբ եւ նախկինում մի քանի անգամ ունեցել է գիտակցության կորուստ: Փետրվարի 19-ին Ռազմիկն իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ եւ վրաերթի է ենթարկել Աննա Հարությունյանին եւ վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկապատին, որի հետեւանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Հարությունյանին եւ Անահիտ Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ մասի 3-րդ մասով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը`փետրվարի 22-ին հիվանդանոցում:




























