Հայաստանում օգոստոսի 7-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մայրաքաղաքում մինչեւ օգոստոսի 9-ը կդիտվի մինչեւ 36 աստիճան տաքություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ վերջին 12 օրերին Հայաստանում գրանցված շոգն աննախադեպ էր, 1840-ական թթ. ի վեր նման տեւական շոգ եղանակ Հանրապետությունում չէր գրանցվել:
«Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին. Երեւանում գրանցվել է 40.6 աստիճան տաքություն: Այսօրվանից ջերմաստիճանը նվազելու է 4-5 աստիճանով: Երևանում մինչեւ օգոստոսի 9-ը ջերմաստիճանը 36-ից չի բարձրանա»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ օգոստոսի 10-ից ջերմաստիճանը նորից կբարձրանա մինչեւ 40-41:




























