Ռոսկոմնադզորը Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողով է ուղարկել սոցիալական ցանցերում երեխաների պարտադիր նույնականացման մասին օրինագիծը։ Գերատեսչությունը նաև առաջարկել է սահմանափակել 14 տարեկանից ցածր երեխաների՝ համացանցում անցկացնելու ժամանակը։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով կարգավորող մարմնի ներկայացուցչին։ Ռոսկոմնադզորում այս նախաձեռնությունը բացատրել են անչափահասներին արգելված բովանդակությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։
Հոկտեմբերի 26-ին Պետդումայի ընտանիքի պաշտպանության հանձնաժողովին առընթեր փորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի նիստում Ռոսկոմնադզորի զանգվածային հաղորդակցությունների ոլորտի բաժնի պետ Վալերիա Չերետսկիխը դժգոհել է օրենսդրական շրջանակներից։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը չի կարող արգելափակել այն ողջ բովանդակությունը, որն ապակառուցողական է համարում։ Ընդ որում, Չերետսկիխն արգելափակումներն անվանել է համացանցի ոչ միայն անչափահաս, այլև չափահաս օգտատերերի պաշտպանության անհրաժեշտ գործիք։ Տեսակապով ելույթի ժամանակ նրա թիկունքում կախված էր Իոսիֆ Ստալինի դիմանկարը։
Չերետսկիխը խոսել է այն օրինագծի մասին, որը Ռոսկոմնադզորն ուղարկել է Պետդումա։ Փաստաթուղթը պետք է ուժեղացնի սոցցանցերի ինքնուրույն վերահսկողությունը հրապարակումների նկատմամբ և դրդի հարթակներին՝ կանխելու արգելված տեղեկատվության տարածումը։ Ելույթի ընթացքում նա շոշափել է նաև Roblox-ի և Telegram-ի արգելափակումների թեման։ Նրա խոսքով՝ սահմանափակումները զգալի հասարակական հնչեղություն են առաջացրել անչափահասների շրջանում։ Դեռահասները վրդովված են եղել նման որոշումներից։
Պետդումայի ընտանիքի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նինա Օստանինան նույն համաժողովում նշել է, որ համացանցում երեխաներին պաշտպանելու համար միայն արգելքները բավարար չեն։ Նրա կարծիքով՝ սահմանափակումները կարող են մեծացնել դեռահասների հետաքրքրությունն արգելված բովանդակության նկատմամբ։ Օստանինան ընդգծել է, որ պետության համար բարդ է վերահսկել արտասահմանյան ինտերնետ-ծառայությունները։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, քան օրենսդրությունը, իսկ արգելված նյութերը մի հարթակում արգելափակվելուց հետո կարող են հայտնվել մյուսներում։ Բացի այդ, սահմանափակումների կիրառումից հետո էլ դեռահասները շարունակում են օգտվել հանրահայտ ծառայություններից VPN-ի միջոցով։
Հունիսին Թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը հայտնել էր, որ նախարարությունը դիտարկում է առցանց հարթակների օգտատերերի տարիքը հաստատելու մեխանիզմների ներդրման հնարավորությունը։ Գերատեսչությունն ուսումնասիրում է արտասահմանյան փորձը, այդ թվում՝ Roblox խաղային հարթակի տարիքային նույնականացման համակարգը։ Ավելի վաղ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախկին փոխնախագահ Անդրեյ Սվինցովն առաջարկել էր հրաժարվել համացանցում անանուն օգտահաշիվներից։ Նրա խոսքով՝ կեղծ պրոֆիլների զանգվածային տարածումը ստեղծում է «գորշ գոտի», որից օգտվում են չարագործները։ Հոկտեմբերի 20-ին պետական ՎՑԻՕՄ-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 59%-ը կողմ է երեխաների և դեռահասների կողմից սոցցանցերի օգտագործման սահմանափակումներին։





























