Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձեւավորված մանկական ճամբարից հոսպիտալացված երեխաներից այժմ 3-ն են գտնվում Վայքի հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայքի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնակատար Արտաշես Գալստյանը:
Նա նշեց, որ սկզբից իրենք մոտ բերեցին ճամբարում հանգստացող 16 երեխային, նրանք Հայաստանի տարբեր շրջաններից են, 7-ն էլ Վրաստանի քաղաքացիներ էին, ովքեր չցանկացան մնալ հիվանդանոցում: Երեխաների վիճակները տարբեր աստիճանի ծանրության էին, մեկի մոտ սրտխառնոց կար, մյուսի մոտ թուլություն, երրորդը ջերմում էր եւ այլն: «Տարբեր բաներ էին կերել, մեկը՝ տորթ, մեկը՝ ձմերուկ, մեկը լողավազանում լողացել էր, թե ինչն էր պատճառը, փորձանմուշներ են վերցրել, պարզ կլինի առաջիկայում: Բոլորը եկան՝ հանրապետության գլխավոր համաճարակաբանը՝ Արա Ասոյանը, ճամբարի հովանավորը՝ մեր սրբազանը, մարզպետարանից եկան: Ասոյանն ասաց, որ բացի 2 հոգուց, մնացածները կարող են վերադառնալ ճամբար»,-ասաց բժիշկը:
Արտաշես Գալստյանը պատմեց, որ դրանից հետո նորից գիշերը զանգեցին ճամբարից, թե 2 հոգի վատացել է, մեկին պետք է տեղափոխեն Երեւան, կույր աղիքի վիրահատություն պետք է անեն, տարել, վիրահատել են, վիճակը լավ է, մյուսին էլ բերել են Վայքի հիվանդանոց: Այժմ Վայքի հիվանդանոցում ճամբարից երեք երեխաներ են հոսպիտալացված, վիճակները կայուն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձեւավորված մանկական ճամբարից 16 երեխա այսօր՝ օգոստոսի 7-ին, աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: NEWS.am-ը առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ բոլոր երեխաների մոտ դիտվել է որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաեւ ջերմություն եւ փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության: Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր եւ պարզել է, որ նախօրեին երեխաներից 2-ի մոտ նկատվել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, որոնց նկատմամբ կազմակերպվել է բուժում, սակայն առավոտյան նրանք հոսպիտալացվել են: Կազմակերպված հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այլ երեխաներ եւս, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են եւ սննդային, եւ ջրային գործունները, կազմակերպվել են նմուշառումներ` թե խմելու ջրի ցանցից, թե երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի եւ երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:
Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:




























