Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով չորրորդ առանցքային վկան նույնպես պնդում է, որ ինքը ոչինչ չի տեսել, գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւին էլ չի ճանաչում: Այս մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտարարել է վկան, որ մահացած հանդբոլիստի թիմակիցներից է:

«Նախորդ հարցաքննության ժամանակ վկան հայտարարել էր, թե դանակից խփելու պահը չի տեսել, հանելու պահն է տեսել: Իսկ այս անգամ էլ ասաց, որ ինքը ստել է, ամեն ինչ հորինել է, Կարեն Կունգուրցեւին էլ չի ճանաչում, դեպքի վայրում չի տեսել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Կայացած դատական նիստում Պապիկյանը երկու միջնորդություն է ներկայացրել. առաջինը վերաբերում է խափանման միջոց կալանքը փոխելուն, որը դատարանը մերժել է: Երկրորդ միջնորդությամբ փաստաբանը պահանջել է քրեական գործ հարուցել գործով քննիչի դեմ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

«Այս միջնորդության քննությունը դատարանը հետաձգեց: Բացի դրանից ՝նիստն էլ հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 21-ին: Ես այլ միջնորդություններ էլ ունեմ ներկայացնելու»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ մինչեւ այս պահը դատարանում գործով հարցաքննվել են մոտ 30 վկաներ: Նրանցից 4-ի հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ վերսկսվել էր: Չորս վկաներն էլ դատարանում հայտարարեցին, որ իրենք ոչինչ չեն տեսել, Կարեն Կունգուրցեւին էլ չեն ճանաչում:

Հիշեցնենք, որ Կունգորցեւը պնդում է, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: