Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 13-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով  ստորագրահավաքին հավաքվել է շուրջ 3000-ից ավելի ստորագրություն: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության  խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Մենք արդեն 5-րդ օրը ստորագրահավաք ենք անում, քաղաքացիներն ակտիվ մասնակցում են: Մեր ձեռքի տակ այժմ կա  2500 ստորագրություն: Վանաձորում և Գյումրիում ստորագրահավաք անցկացնող երիտասարդներն էլ ունեն շուրջ 500 ստորագրությունից ավելի, այնպես որ կարծում եմ, որ մենք այժմ 3000-ից ավելի ստորագրություն ունենք »,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում  «Ոտքի Հայաստան» նախաձեռնության  խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը ասել էր, որ նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով  ստորագրահավաք է սկսվել նաև Գյումրիում և Վանաձորում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում: