Ֆրանսիայից ներդրողները հետաքրքրված են Հայաստանի հյուսիսային Արթիկ քաղաքում արեւային էներգետիկայի ոլորտում ներդրմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Նրա խոսքով, քաղաքի առաջին՝ ոչ առեւտրային արեւային նախագիծն ամբողջությամբ արդարացրել է իրեն. 2009 թվականի դեկտեմբերին Համաշխարհային բանկի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) համաֆինանսավորեց քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում ջերմամեկուսացման եւ արեւային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրումը: Արդեն 2009-10 թվականների ձմռանը շենքի բնակիչները 40%-ով կրճատեցին գազի օգտագործումը, եւս 10%-ով՝ էլեկտրաէներգիայինը: Ընդ որում, ջուրն օգտագործվում է ինչպես ջեռուցման, այնպես էլ կենցաղային նպատակներով:

Ներդրողներին զարմացրել են բնության հրաշալի պայմաններն արեւային էներգետիկայի համար. մեծ քանակությամբ արեւային օրեր, բարձր ինտենսիվությամբ արեգակնային ճառագայթում: Արսեն Աբրահամյանի խոսքով, հիմա նրանք մտածում են մեծ հողատարածք վերցնել՝ 10 հեկտար կամ ավելի, արեւային էլեկտրակայանի շինարարության համար: Ծրագրեր կան նաեւ արեւային ջրատաքացմամբ ջերմոցներ կառուցելու շուրջ:

«Իրենց ծրագրերը նրանք քննարկել են մեր մարզկենտրոն Գյումրիում: Սպասում ենք, որպեսզի գան եւ տեղում քննարկեն մանրամասները»,- հավելեց Արթիկի քաղաքապետը: