Չինական Տյանցզին քաղաքի ավելի քան 6,3 հազար բնակիչ տարհանվել է և տեղավորվել ժամանակավոր կացարաններում։ Այդ մասին հաղորդել է  China News Service տեղեկատվական գործակալությունը։

«Փրկարարներն արդեն տեղավորել են ավելի քան 6,3 հազար մարդու։ Հայգանչեն շրջանի բնակչությունը, որտեղ գտնվում էր պայթած պահեստը, արդեն ամբողջությամբ տարհանված է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, տուժածների և տարհանվածների համար ժամանակավոր կացարան է դարձել Բինհայի տարրական դպրոցներից մեկը։ Այնտեղ տեղավորել են ավելի քան 500 հոգու։

Տեղական հիվանդանոցները և հոսպիտալները լցված են տուժածներով, դպրոցում ևս շտապ օգնության լրացուցիչ կետ է բացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արևելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեսում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով և վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։ Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Xinhua գործակալության հաղորդմամբ, հրդեհից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։